Բարիքեմփ
‹‹Բարիքեմփն›› իրենից ներկայացնում է սոցիալական մի նախաձեռնություն, որն ուղղված է մանկատներում և այլ հատուկ հաստատություններում ապրող սաներին, սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին, ինչպես նաև անապահով ընտանիքներում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց առօրյա կյանքից կտրելու, նրանց դեմքերին ժպիտներ նկարելու և ունեցած գորշ օրերը լույսով փոխարինելու բարի մղումների իրականացմանը:
2015 թվականից սկսած ամեն տարի ամռանը ‹‹Բարի մաման›› իր թիմով և կամավոր մայրիկներով հաշմանդամություն ունեցող երեխաների և մանկատան սաների հետ միասին ուղևորվում են Սևան, Աղվերան և Հայաստանի այլ տեսարժան վայրեր՝ ամռան արևը վայելելու և անմոռանալի ժամանակ անցկացնելու համար: Այստեղ նրանք ապրում են, հանգստանում, օրը լցնում տարբեր հետաքրքիր և զարգացնող խաղերով և այլ հաճելի պահերով:
2019 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ ‹‹Բարիքեմփն›› իրականացնելու համար Շորժա գյուղի մոտակայքում տրամադրվեց հիմնական տարածք: Սկզբում ճամբարը վրանային էր, այնուհետև կառուցվեցին ճաշարանի, ննջարանի և խաղասենյակի հատվածները տարբեր անհատների, ձեռներեցների և բարեգործական կազմակերպությունների համատեղ ջանքերով: Ճամբարն ունի իր հագեցած գրաֆիկը, որն ապահովում է երեխաներին ամենատարբեր զբաղմունքներով, խաղերով, ինչպես նաև ուսուցողական դասերով:
‹‹Բարիքեմփն›› իր դռները բացում է այն բոլոր բարի մարդկանց առաջ, ովքեր ցանկանում են ունենալ պասիվ հանգիստ գեղեցիկ կահավորված ճամբարում՝ նրբաճաշակ երաժշտության և համեղության ուղեկցությամբ՝ միաժամանակ կատարելով հանգանակություն, որն ուղղվում է ‹‹Բարի մամայի›› կողմից նախաձեռնած տարբեր ծրագրերի իրականացմանը: