Իմ պատմությունը.Ես չլքեցի երեխայիս, բայց անելանելի վիճակի մեջ էի
Ես Վարդուհին եմ… Սա, իհարկե, իմ իրական անունը չէ, բայց դա կարևոր չէ։
Ուզում եմ կիսվել իմ պատմությամբ։
Ամեն մարդ երազում է ունենալ երջանիկ ընտանիք, սիրող ամուսին ու առողջ բալիկ:
Մենք բնակվում էինք ՌԴ-ում, ես ամուսնուս հետ աշխատում էի, ամեն ինչ շատ լավ էր, մինչև իմացա, որ հղի եմ։ Դա ինձ համար մի անսովոր ուրախություն էր, ես անչափ երջանիկ էի: Եկավ մի պահ, որ էլ չէի աշխատում և ամուսինս որոշեց, որ ես պետք է գնամ տուն՝ իր մայրիկի հետ ապրելու: Ես համաձայնվեցի։ Մի ամիս մեր հարս-սկեսուր հարաբերութուները շատ լավ էին, երբ մի օր սկեսուրս ինձ առաջարկեց, որ երեխայի ծնվելուց հետո, երեխայիցս հրաժարվեմ, ամուսինս վերցնի խնամակալությունն, ու այդ կերպ իրենք գումար կստանան պետության կողմից:
Բնականաբար, ես չէի կարող այդպիսի բան անել, քանի որ բալիկիս երկար եմ սպասել: Ահագին վեճերից հետո ես եկա Հայաստան: Երեխայի ծնվելուց 2 շաբաթ առաջ ամուսինս նույնպես եկավ: Ամեն ինչ կարծես շատ լավ էր․ երեխան ծնվեց, չնայած, մի քիչ խնդիրներով (արյան անհամատեղելիություն, ներարգանդաին թոքաբորբ), բայց այդ ամենն երկուսով հաղթահարեցինք: Արդեն պետք է վերադառնայինք ՌԴ-ը, ու հանկարծ ամուսինս առաջ քաշեց նույն հարցը՝ երեխայից պետք է հրաժարվես:
Էլի վիճաբանություններ սկսվեցին։ Կողքից ամուսնուս ընկերոջ ընտանիքը խառնվեց, ու մի 10 օրվա ընթացքում մեր ընտանիքը հայտնվեց քայքայման եզրին: Այդ ընթացքում երեխայիս մոտ էլի խնդիրներ առաջացան, և մենք տեղափոխվեցինք հիվանդանոց: Սկեսուրս ու ընկերոջ ընտանիքը այնպես էին ազդել ամուսնուս վրա, որ նա մեզ թողեց հիվանդանոցում ու գնաց, չէր ուզում երեխայի մասին լսել, անգամ առաջարկեց մանկատուն տանել: Ես չլքեցի երեխայիս, բայց անելանելի վիճակի մեջ էի․ չգիտեի ինչ եմ անելու, ուր եմ գնալու, երեխաս ինչ է ուտելու և հագնելու…
Այդ նեղ պահին ինձ օգնության հասավ Բարի Մաման և բացի կացարան ու սնունդ ատրամադրելը՝ մեզ ապահովեց ամեն տեսակի հարմարություններով՝ երեխայիս դեղորայքով, կաթով, հագուստով, երեխային անհրաժեշտ ամեն մի պարագայով , նույնն և ինձ…
Հիվանդանոցից տեղափոխվել ենք «Բարի տնակ», ստացել սոցիալական և հոգեբանական օգնություն։ Ամենակարևորն հիմա նորից հաշտվել եմ ընտանիքիս հետ, երեխայից հրաժարվելու գաղափարն արդեն չկա…
Այս ներկայից երջանկության համար ես մենակ շնորհակալ եմ Բարի Մամային , Բարի Տնակին և իր ողջ աշխատակազմին…
Ես սիրում եմ ձեզ: