Իմ պատմությունը. “Մնացի դրսում, չգիտեի ինչ անել…Կյանքս վերջացել էր”

16 տարեկանում եմ ամուսնացել։
Ինչո՞ւ։
Որովհետև ոչ ոք չունեի։ Մեծացել եմ մանկատանը, հարազատներ ունեի, թե ոչ՝ չգիտեի։
Ամուսնացա, 3 երեխա ունեցանք, իրար ետևից։ Ամուսինս թմրամոլ էր, անդադար ծեծում էր ինձ։
Այդ ժամանակ հանկարծ հայտնվեց մայրս։ Ասաց, որ գնամ իր մոտ Ռուսաստան։ Որ հետո երեխաներիս էլ կտանեմ։
Խոսեցի սկեսուրիս հետ։ Ասաց, որ գնամ, հետո կերևա։
Թողեցի, գնացի։ Մայրս անբարոյականի կյանքով էր ապրում։ Մոտ մեկ ամիս եմ այնտեղ մնացել։ Էլ չդիմացա։
Եկա, պարզվեց ամուսինս ինձ ներս չի թողնում, որովհետև իրեն ասել են, որ ես էլ էի նույն գործով զբաղվել ինչ մայրս։
Սկեսուրս ևս ասաց, որ երեխաներիցս հեռու մնամ։
Մնացի դրսում, չգիտեի ինչ անել։ Կյանքս վերջացել էր։
Ինքնասպանության փորձ արեցի, հայտնվեցի հիվանդանոցում։
Ու հենց այնտեղ ծանոթացա մի աղջկա հետ, սկսեցի իր տանը ապրել։ Նա խորհուրդ տվեց բաժանվել։
Բաժանվեցի, երեխաներիցս հրաժարվեցի, որովհետև սկեսուրս իրենց շատ լավ էր նայում։ Իսկ ես ոչինչ չունեի։ Տանջվում էի, գնում թաքուն հեռվից հետևում։ Բայց իրավունք չունեի նրանց մոտենալ։ Հատկապես որ շատ շուտով նոր մայրիկ ունեցան, փոքր էին, ինձ չէին էլ հիշի։
Անցան տարիներ։ Ծանոթացա մեկ այլ տղայի հետ։ Ամուսնացանք, երեխա ունեցանք։
Աղջիկս ունի սպինա բիֆիդա։ Մի պահ մտածում էի հրաժարվել իրենից։ Բայց հետո հասկացա, որ չեմ կարող։ Որ արդեն իսկ կորցրել եմ 3 երեխաներիս։
Կքայլի Կամիլան թե ոչ, չգիտեմ։ Բայց ամեն ինչ կանեմ իրեն ոտքի հանելու համար։
Հիմա 24 տարեկանում ես ունեմ միայն իմ գեղեցկուհուն։ Ամուսինս մեզ լքել է, հենց երեխայի առողջական խնդիրների պատճառով։
Իսկ վերջերս սկեսուրս էր ինձ գրել։ Ասաց, որ զղջում է իր արածի համար։ Նկարներ է ինձ ուղարկում։
Ես չգիտեմ, թե ինչ է լինելու վաղը։ Բայց շնորհակալ եմ «Բարի մամայի» թիմին, որ օգնեցին ճիշտ որոշում կայացնել և մնալ Կամիլայի հետ։
Խնդրում եմ չքննադատել։ Ես քաջություն եմ հավաքել, որ սա գրեմ։ Ու հուսով եմ, որ մի օր բոլոր երեխաներիս կհավաքեմ մի տեղում։

Share your thoughts