Ինչպե՞ս խոսել հաշմանդամության թեմայով
Հաշմանդամություն ունեցող մարդիկ մեր հասարակության ամենախոցելի խումբն են։ Նրանց մեջ մեծ թիվ են կազմում կրկնակի խոցելիները, ովքեր նաև աղքատ են, ծնողազուրկ, մուրացիկ, ծեր, փախստական և այլն։ Եվ նրանց բոլորի համար ընդհանուր են հասարակության կանխակալ վերաբերմունքը, նախապաշարմունքները և խտրականությունը։ Բառերն ու արտահայտությունները վիրավորելու, ինչպես նաև՝ սփոփելու մեծ ուժ ունեն։ Մենք պարտավոր ենք իրազեկ լինել, թե այն խմբի անդամները, ում մասին խոսում կամ գրում ենք, ինչպես են նախընտրում, որ իրենց անվանեն։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ խիստ զգայուն են իրենց բնութագրող բառերի նկատմամբ։ Այն երկրներում, որտեղ հավասար հնարավորությունների համար շարժումը դարձել է առավել ակտիվ, գործածության մեջ են մտել բնորոշումներ ու հասկացողություններ, որոնք չեն հարուցում խղճահարություն կամ այլ բացասական զուգորդություններ։
Բառերն առաջացնում են զուգորդություններ, որոնք կարող են ձևավորել կարծատիպեր, դրանք էլ իրենց հերթին հասարակության վերաբերմունք։
Խոսքն ուժ է
Հնացած, ոչ ճիշտ բնորոշումները խորացնում են կարծրատիպերը հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին և ուժեղացնում շփման արգելքները, իսկ դա ավելի մեծ խնդիր է նրանց համար, քան բուն հաշմանդամությունը։
Երբ մենք ախտորոշումը դարձնում ենք մարդու ամենակարևոր հատկանիշը, արժեզրկում ենք նրան, ոտնահարում նրա անհատականությունը։
Ցավոք, հաշմանդամության ախտորոշումը կարող է դառնալ մարդու արժևորման և հնարավորությունների գնահատման չափանիշ։
Դուք կցանկանայի՞ք, որ ձեզ ճանաչեին ձեր պսորիազով, գինեկոլոգիական պատմությամբ, ինչ-որ արատով կամ նման այլ «հատկանիշով»։
Երբ մենք իմանում ենք ինչ-որ մեկի ախտորոշումը, մեզ թվում է, թե կարևոր բան գիտենք այդ մարդու մասին, և այդ փաստն օգտագործվում է որոշելու համար, թե այդ մարդը ե՛րբ և որտե՛ղ պետք է սովորի, ի՛նչ աշխատանք կարող է կատարել, ի՛նչ աշխատանք՝ ոչ, որտե՛ղ և ինչպե՛ս պետք է ապրի, ի՛նչ «ծառայություններ» են նրան անհրաժեշտ և այլն։ Եվ այդ ամեն հաճախ ավարտվում է հազարավոր երեխաների և չափահասների հասարակական և ֆիզիկական առանձնացումով հատուկ դպրոցներում, հատուկ հաստատություններում՝ հատուկ ծրագրերի, հատուկ մոտեցումների միջոցով։ Արդյոք այս մարդիկ մեկուսացվում կամ արժեզրկվում են միայն իրենց ախտորոշման հիման վրա։ Ախտորոշման հիման վրա մենք ճանաչում ենք մարդու մարմինը՝ գրեթե հաշվի չառնելով, թե ինչ կա նրանց սրտում և մտքում, ուստի հաճախ, օգնելու փոխարեն, կարող ենք վնասել նրան, անգամ կործանել նրա կյանքը։
Աղբյուրը՝ Ներառական կրթություն, Ուսումնամեթոդական ուղեցույց, Երևան 2015