Պատմությունս


Երևի բոլորի տխուր պատմությունները սկսվում են նույն կերպ։ Այս պահին 20 տարեկան եմ, բայց արդեն կարծես մի ամբողջ կյանք ապրած լինեմ։

Մանկության տարիների հետ կապված շատ խավար եմ հիշում ամեն բան։ Կարելի է ասել, որ չեմ ունեցել մանկություն։ Երբ բոլորը խաղում էին ու վայելում իրենց անհոգ ու սիրուն կյանքը՝ ես այդ ժամանակ փորձում էի մորս հետ ապրուստի միջոց հայթայթել։ Ամեն օրս նույնն էր, առավոտյան մորս գրկում արթնանում էի սոված ու մտածում մեծի նման, թե այս օրն ինչպես է անցնելու։ Իմ տարիքի երեխաները հաճախում էին դպրոց, ես նույնպես, բայց երբեմն հագուստի բացակայության և նմանատիպ բաների պատճառով հաճախ մնում էի տանը։
Մայրս, չնայած նրան, որ հիվանդ էր, անում էր ամեն հնարավորին բան ինձ լավ մարդ ու արժանի մարդ դարձնելու համար։
Հիշում եմ մորս արցունքները, թաքուն ցավերը, հազը, որը կարծես ինձ էր ամեն անգամ հոգնեցնում ու ցավեցնում՝ իմ անճար ու խղճուկ վիճակում։ Գնում էի ամեն օր կովերին արածացնելու և երեկոյան գալիս հետ։ Հետևելով կովերին և հոգ տանելով նրանց մասին՝ կարողանում էի վաստակել օրվա հացը։ Ինձ օգնում էր մի կին, ով ինձ սիրում էր ու համարում իր թոռնիկը…
Սովորել եմ կյանքից ու մարդկանցից քաղել֊հավաքել ամեն հնարավորինը, մորս պես ուժեղ չեմ կարողացել լինել, բայց մորս նման կարողացել եմ պայքարել ու ապրել։ Ու իմ ամեն դժվարություն եկել է հորս բացակայությունից։ Հայրս լքել է ինձ դեռ մանկուց, չեմ ցանկանա նույնիսկ թշնամուն իմ բախտին արժանանալ։ Երազել եմ…
Երբ եղել եմ դաշտերում՝ երազել եմ ու սավառնել երկնքում։
Շատ դժվար է եղել ապրել առանց նրա, ում միշտ սիրել ես, դժվար է եղել, երբ ամեն անգամ սպասել ես նրա վերադարձին, բայց ապարդյուն։ Նրա բացը ոչ ոք չի կարողացել մինչ օրս լրացնել։ Ու մինչ օրս սպասում եմ նրա գալուն, չգիտեմ էլ թե ինչու։
Բոլոր իմ ցավերի մեջ միշտ երազել եմ ընտանեկան ջերմության մասին։
Հորս բացը չի կարողացել ոչ ոք լրացնել։
Մայրս եղել է լքված ու մեն֊մենակ, նա ունեցել է ինձ ու էլ ոչ մի բան։
Պայքարել է ու ինձ համար արել անհնարինը, ես շնորհակալ եմ նրանից, շնորհակալ եմ, որ նա կա։ Երբեք չեմ ասել նրան այս ամենի մասին, գուցե չեմ եղել արժանի դուստր նրա համար, բայց նա ինձ միշտ սիրել է ու ներել։ Ես էլ եմ ուզում լինել նրա նման…

Անցան տարիներ, ես մեծացա։ Կարծում էի, որ հանդիպել եմ իմ միակին։ Երազներումս արդեն կազմել էի իմ ընտանիքը, երջանիկ էի, բայց… Պարզվեց նա ամուսնացած է, իսկ իր խոստումները սուտ էին։ Այսօր կրկին մենակ եմ ու ես էլ եմ ունեցել ինձ նման աղջիկ։ Ինձ լքված ու անտեսված եմ զգում։ Հարազատներս երես են թեքել ինձանից, որովհետև հղի էի և ամուսնացած չէի։
Ինձ ստիպում էին ազատվել իմ սրտիկից, լքել աղջկաս, սակայն ես ուժեղ եմ և աղջկաս համար անելու եմ անհնարինը։
Ես մշտապես բոլորի հանդեպ եղել եմ բարի, սակայն իմ հանդեպ նույն կերպ չեղան ու խաբեցին ինձ։ Եղել եմ անկեղծ ու ոչ կեղծավոր։ Չգիտեմ, թե ինչու եմ արժանացել այս բախտին, բայց չեմ բողոքում ու չեմ էլ դժգոհում։ Ամեն ոք իր սխալի վրա է սովորում, չնայած ինչպե՞ս կարելի է երեխային սխալ կոչել։ Նա իմ լույսն է, և ես անչափ շնորվակալ եմ Աստծուն, որ ինձ բերեց Բարի տնակ։
Որ ես ինձ միայնակ չեմ զգում, կողքիս հրաշալի մարդիկ են։
Չփորձե՜ք հրաժարվել ձեր սիրելիից, ձեր լույսից։
Բարի տնակի մի անկյունում գրված է, որ ամենալավը դեռ առջևում է։ Ես նույնպես հավատում եմ դրան։
Իսկ դա ամենակարևորն է՝ երբ քեզ տալիս են հույս։ Ու աջակցում ամեն քայլին։
Այսուհետ ես և աղջիկս մի մեծ ու բարի ընտանիք ունենք, ապրում ենք Բարի տնակում։ Ու ամեն ինչ լավ է լինելու, քանի դեռ միասին ենք։
Մի՜ լքեք, ինչ էլ որ լինի։


Եթե ցանկանում եք աջակից դառնալ Բարի տնակին և օգնել փոխելու ճակատագրեր, կարող եք նվիրաբերել մեր բնակիչներին սնունդ, տակդիր, հիգիենայի պարագաներ կամ հանգանակություն անել հետևյալ հղումով՝ Հանգանակություն


Share your thoughts