Հաջողակ պատմություն ‹‹Բարի կար››-ից
Ծանոթացեք՝ Մարինեն է, 45 տարեկան, Հադրութի շրջանի Առաքել գյուղից:
Չնայած դժվար թե ճանաչեք. չէ՞ որ նկարում միայն թիկունքն է պատկերված: Չկարողացանք ուղիղ աչքերի մեջ նայել ու ասել.
-ժպտացե՛ք, նկարվում եք:
Աչքերը թաց էին, հայացքը՝ տխուր, հոգին՝ խռովված: Մարինեի փոխարեն երևի բոլորն իրենց այդպես կզգային. չէ որ պատերազմն անխիղճ էր գտնվել նրա և նրա ընտանիքի հանդեպ: Մարինեն պատերազմներ շատ էր տեսել, բայց այս մեկն ուրիշ էր, այս մեկն անգութ էր, հիշաչար ու նենգ: Նա կորցրեց իր հարազատ տունը, ապրուստը, գյուղը, իր հայրենի հողը: Մի կերպ ճողոպրելով թշնամու ճիրաններից՝ Մարինեի ընտանիքը կարողացել էր փախչել և մի շարք գյուղերի միջով անցնելով հասնել Հայաստան:
Շատ բարի և սրտաբաց մարդկանց շնորհիվ Մարինեի ընտանիքը ապաստան գտավ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում, որտեղ ապրում են մինչ օրս: Սակայն Մարինեի որդին՝ 10-ամյա Սլավիկը, Առաքել գյուղը լքելուց հետո, դարձել էր մի տեսակ ինքնամփոփ ու լռակյաց: Նրան հոգեբանական աջակցություն ցույց տալու համար Ձորաղբյուրի համայնքապետարանը առաջարկել էր տղային հաճախել ‹‹Բարի տնակ››, որտեղ նա կանցկացներ տարբեր հետաքրքրություններով ու զբաղմունքներով հագեցած օրեր:
Հայաստան գալուց հետո Մարինեն և նրա ընտանիքը կանգնել էին մի շարք բարդ խնդիրների առաջ. նրանք չունեին աշխատանք, որով կկարողանային ապահովել իրենց կենսական պահանջները: Այդ ժամանակ արդեն մեկնարկել էր ‹‹Բարի կար›› նախագիծը, որն աջակցություն էր ցուցաբերում արցախցի կանանց, ովքեր պատերազմի ժամանակ տեղահանվել էին իրենց բնակավայրիերից կամ կորցրել իրենց ամուսիններին և ապաստանել Կոտայքի մարզում: Մարինեն, Սլավիկին ‹‹Բարի տնակ›› տանելուց պատահաբար իմանում է այս ծրագրի մասին և նույնպես ցանկություն հայտնում մասնակցել այդ դասընթացներին:
Մարինեն, տարիներ շարունակ աշխատելով Առաքել համայնքում որպես քարտուղար, շատ հեռու էր կարելուց, սակայն ‹‹Բարի կար›› նախագծի շրջանակներում նա կարճ ժամանակում կարողացավ տիրապետել կարի հմտություններին, վարպետությանը, ինչի շնորհիվ ձեռք բերեց նոր մասնագիտություն, որը կօգնի նրան աշխատանք գտնել և հոգալ ընտանիքի կարիքները:
‹‹Բարի կար›› նախագծի շնորհիվ Մարինեն մի օր անպայման կշրջվի մեզ դեմքով՝ ուրախ ու պայծառ ժպիտն աչքերին`վստահ քայլելով ապագայի մարտահրավերների առաջ: Արցախցուն բնորոշ աննկուն կամքն ու ձիրքն էլ կօգնեն նրան հաղթահարել այս կյանքում անհաղթահարելի թվացող ցանկացած խոչընդոտ: