Արցախցի կանայք ու կորստի ցավը մեղմող «Բարի կար»-ը
Տարեսկզբին «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությունն իր աջակիցների եւ «Ավրորա» հիմնադրամի հետ միասին հիմնել է «Բարի կար» անունը ստացած կարի արտադրամասը, որտեղ սովորում, այնուհետեւ աշխատանքի են անցնում Արցախից տեղահանված կանայք:
Մեդիամաքսը այցելել է «Բարի տնակ», որտեղ արցախցիների անխոնջ աշխատանքով ստեղծվում է «մի կտոր բարություն»:
Սեփական օրինակը՝ որպես ոգեշնչում
«Բարի տնակ»-ի առաջին հարկում կարի մեքենաների ձայնը չի լռում. աշխատանքը եռում է: Այստեղ «Բարի կար» նախաձեռնության շրջանակում հավաքվել են արցախցի 12 կանայք, որ կարուձեւ են սովորում ու աշխատում: Նրանք հիմնականում Հադրութից են, ինչպես իրենք են ասում՝ «բոլորը հարազատ հոգիներ են»:
Արցախցիներին կարի գաղտնիքները Մարինե Գրիգորյանն է սովորեցնում՝ անընդհատ ոգեւորելով սեփական օրինակով: Կանայք մոտենում են նրան, հարցեր տալիս: Օգնելու հարցում Մարինեն միշտ է պատրաստակամ, սակայն երբեմն աշակերտներին հորդորելը, որ ինքնուրույն անեն, նրանց համար ամենամեծ օգնությունն է:
Մարինե Գևորգյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ինքնե´րդ արեք, ես այսօր ձեր կողքին եմ, վաղը չէ»,- իր վարպետի խոսքերը հիշելով ասում է Մարինեն: Պատմում է, թե ինչպես է երկու ամիս սովորելուց հետո հարսանեկան զգեստի պատվեր ստացել ու ինքնուրույն հաջողել, քանի որ իր վարպետը միշտ հորդորում էր՝ հույսը պետք է միայն ինքդ քեզ վրա դնես: Նույն մոտեցումն էլ Մարինեն է սովորեցնում արցախցի կանանց:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հաշմանդամություն ունեցող բալիկ ունեմ, կյանքն ինձ ստիպել է դերձակություն սովորել: Կարից շատ հեռու մարդ եմ եղել, շա˜տ, բայց հիմա եթե իմ տան մեքենաները չեն աշխատում, ես խելագարվում եմ (ժպտում է՝ հեղ.): Սկսեցի այս գործով զբաղվել, որպեսզի կարողանամ ցերեկը բալիկիս ֆիզիոթերապիայի տանել, իսկ երեկոյան արդեն աշխատել: «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի օգնությամբ հմտացա այս գործում ու սկսեցի նաեւ այլ մայրիկների սովորեցնել, պատերազմից հետո էլ՝ հադրութցի կանանց: Նրանց մի մասն այս պահին դեռ սովորում է, մյուսներն արդեն աշխատում են»,- պատմում է Մարինե Գրիգորյանը:
«Այնքա˜ն մշուշոտ է մեր ապագան»
«Բարի կար»-ում կանայք կարող են կարել ամեն ինչ՝ անկողնային պարագաներ, զգեստներ, կիսաշրջազգեստներ, հուդիներ, բարձեր, էկո պայուսակներ: Նաեւ քնապարկեր եւ սպիտակեղեն են կարել ու սահման ուղարկել:
Արտադրամասի աշխատակիցներից Գոհար Ալթունյանը համաձայնում է զրուցել միայն մեկ պայմանով՝ այդ ընթացքում աշխատանքը չպետք է ընդհատի:
Շարունակելով ձեւել կտորը՝ Գոհարը պատմում է, որ ծնվել եւ ապրել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: 25 տարի մանկապարտեզում դաստիարակչուհի է աշխատել: Ընտանիքով Երեւան են տեղափոխվել հոկտեմբերի 7-ին, երբ վիճակն արդեն անելանելի էր: Տեղավորվել են մի ծանոթի տանը, որտեղ երկու ամիս շարունակ բնակվել են 16 հոգով՝ 4 ընտանիքով: Հետո տեղափոխվել են Մասիսի Սիս գյուղ:
«Հարսս պատմեց «Բարի կար»-ի մասին: Մեկ տեղ էր մնացել, ինձ ընդունեցին: Նախկինում կարուձեւի փորձ չեմ ունեցել՝ չհաշված տան առօրյա կար անելը: Մարինեն սովորեցրեց ու հիմա արդեն աշխատում եմ: Այս աշխատանքն օգնում է որոշ չափով ընտանիքիս ապահովել: Կարեւորը, որ զբաղմունք ունենք, ցրվում ենք այս ծանր հոգսերից»,- պատմում է Գոհարը:
Գոհար Ալթունյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա խոսքով՝ վերադառնալ շատ են ցանկանում, սակայն անվտանգության խնդիրները խիստ մտահոգիչ են:
«Շատ ուզում եմ գնալ իմ հայրենի հողը, բայց ու՞ր՝ չգիտեմ: Այնքա˜ն մշուշոտ է մեր ապագան: Վստահաբար գիտեք, որ հադրութցիները շարժում են սկսել, երկար ժամանակ է երթեր են կազմակերպում տարբեր դեսպանատների մոտ, դիմում միջազգային կազմակերպություններին, նամակներ հղում մեր նախարարներին: Ես էլ եմ միանում այդ շարժմանը: Եթե մեր հարցը չլուծվի, ճարահատյալ պետք է դիմենք ավելի քաղաքակիրթ երկրի՝ փախստականի կարգավիճակով ապաստան ստանալու համար, որ թեկուզ ուրիշ երկրում, բայց կարողանանք պահել մեր Հադրութը՝ մեր բարբառն ու սովորույթները:
Լուսանկարը` Մեդիամաքս
Եթե թուրքը նորից հարձակվի, եթե էլի պատերազմ սկսվի, արդյոք ի վիճակի կլինե՞նք մենք շարունակելու ապրել, աշխատել թե´ հոգեպես, թե´ նաեւ ֆիզիկապես: Ես ուզում եմ գնալ իմ հողը, բայց վախենում եմ, չկա անվտանգության որեւէ երաշխիք»,-ասում է Գոհարը:
«Մամ, երեխեքիս լավ կպահես»
Հադրութցի կանանց հետ միասին այստեղ է աշխատում նաեւ տիկին Մելանյան, որ Հադրութի հարս է, սակայն ընտանիքով Երեւանում են բնակվում: Ամուսինն արմատներով Հադրութի շրջանի Տումի գյուղից է: Պատերազմի մեկնարկից հետո նրանց ավագ որդին՝ 30-ամյա Ներսեսը, կամավոր մեկնում է հայրական հողը պաշտպանելու ու այլեւս չի վերադառնում …
Տիկին Մելանյան որդու մասին խոսելիս արտասուքը զսպել չի կարողանում, սակայն արցունքների հետ միասին, նրա աչքերից անսահման գորով ու հպարտություն է հոսում:
Տիկին Մելանյան
Լուսանկարը` Մեդիամաքս
«Երկու բալիկ ունի, Սիսիանում են ապրում: Մեծ թոռնիկս երկրորդ դասարանում է, փոքրս էլ դեռ 4 տարեկան է: Ներսեսս հրաշք էր, ձեռքերը ոսկի՝ գլուխն էլ մի հատ կոմպյուտեր: Դեռ երեխա ժամանակվանից տանը ինչ փչանում էր, սարքում էր: Սահմանին էլ նույն կերպ՝ ամեն ինչին տիրապետել է: Պատմել են, որ մի գիշերը ման են եկել Ներսեսիս, չեն գտել, լուսադեմին դռդռոց են լսել ու տեսել՝ թուրքի երկու տանկով եկել է. իրար էր կապել, մեկը խոդ տվել ու քշելով բերել: Մի անգամ էլ խալտուրա է արել, որ չէր կարելի՝ դիրքից դիրք է անցել, որպեսզի կողքի դիրքի ռացիան սարքի, կարողանան կապը տալ կենտրոնի հետ»,- պատմում է տիկին Մելանյան, ու արցունքների միջից ժպտում են նրա սիրող աչքերը:
Դեպքից օրեր առաջ որդին մոր հետ խոսելիս ասել է. «Մամ, երեխեքիս լավ կպահես»: Թեկուզ այդ ժամանակ չի հասկացել, թե որդին ինչ է նկատի ունեցել, բայց այդ բառերը դաջվել են տիկին Մելանյայի սրտում ու հիմա դրանք են ստիպում ապրել՝ հանուն թոռնիկների, կրտսեր որդու, ամուսնու, քրոջ, հարսի… ու հանուն իր Ներսեսի: Ասում է՝ Աստծուց համբերություն խնդրելով պիտի կարողանանք դիմանալ, պիտի հավատով հաղթահարենք ցավը:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Թող Աստծո կամքը լինի: Մարդ չպետք է բողոքի: Եթե իմ տղեն որոշել է, որ պետք է գնա իր հայրական հողը պաշտպանելու, իր երեխեքին, իր մամային պաշտպանելու, ուրեմն իմ տղեն ճիշտ է: Նա իր ապրած տարիներով ցույց տվեց, որ ճիշտ դաստիարակություն է ստացել: Մտածում եմ՝ ուրեմն սխալ չեմ ապրել, որ սենց զավակ եմ տվել հայրենիքին ու ժողովրդին: Մաման սենց պուճուր-մուճուր, բայց տղես 2 մետր բոյ ուներ: Սենց կռանում էր ու գլուխը դնում էր ուսիս, փոքրի նման սիրում էի … ցավդ տանեմ…»:
Տիկին Մելանյան
Լուսանկարը` Մեդիամաքս
«Բարի կար»-ն օգնում է տիկին Մելանյային հաղթահարել կորստի ցավը: Ասում է, որ կարեւորը մարդուն շուրջը տիրող մթնոլորտն է, ու այստեղ՝ «Բարի տնակում», շրջապատված է հրաշալի մարդկանցով, որ օգնում են իրեն դուրս գալ սթրեսից: «Դժվար է, բայց ստացվում է»,- ասում է տիկին Մելանյան:
Արցախյան կարն ընդունում է պատվերներ
«Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությունը պատերազմի ընթացքում աջակցել է տեղահանված արցախցիներին: Հրադադարից հետո նրանց համար ապրուստի միջոց ստեղծելու անհրաժեշտություն է առաջացնել:
«Որոշեցինք ստեղծել «Բարի կար»-ը, որի համար առցանց դրամահավաք սկսեցինք: Մեզ միացավ «Ավրորա» հիմնադրամն ու կրկնապատկեց հավաքված գումարը: Կարողացանք ստեղծել 12 աշխատատեղ: Կանանց ընտրել ենք հայտարարությունը տարածելու միջոցով: Դիմողները, ցավոք, շատ չէին, քանի որ եղավ այն, ինչից վախենում էինք ի սկզբանե. մարդիկ սովորեցին, որ պետք է անդադար աջակցություն ստանան: Ընդամենը 20 դիմում ենք ստացել հայտարարությունը հիմնադրամի հետ համատեղ երկար տարածելուց հետո»,- պատմում է «Բարի մամա» ՀԿ-ի հիմնադիր եւ նախագահ Մարինե Ադուլյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հագուստի գները «Բարի կար»-ում մատչելի են, քանի որ նախաձեռնության հիմնանպատակներից է նաեւ ստանալ հայկական այնպիսի հագուստ, որը թուրքականի այլընտրանքը կդառնա: Հագուստի արտադրության համար որոշակի դժվարություններ է առաջացնում հումքը, որը փորձում են ներմուծել Ռուսաստանից (ոչ թուրքականը), կամ Իրանից: Օգտագործում են նաեւ տեղում առկա ֆրանսիական կտորները:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Այժմ ընդունում ենք պատվերներ: Սկսել ենք նաեւ խանութների հետ պայմանավորվել: Վաճառքը կընդլայնենք այն ժամանակ, երբ կունենանք վերջնական որակ: Կարծում եմ, որ արդեն մեկ ամսից կհաջողենք ունենալ կանոնակարգված արտադրություն: Նախատեսում ենք մեկ տարի անց բացել սեփական խանութը»,- մանրամասնում է Մարինե Ադուլյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս պահին նախաձեռնությունն ընդլայնելու հնարավորություններ են փնտրում: Ցանկանում են մասնաճյուղ ունենալ Սիսիանում եւ Ստեփանակերտում: Կապի մեջ են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ, որի խոսքով՝ արցախցիներն անընդհատ դիմում են աշխատանքի հարցով:
Լուսանկարը` Մեդիամաքս
Եթե կգտնվեն մարդիկ, կազմակերպություններ, որ կցանկանան աջակցել նախաձեռնության ընդլայնմանը, «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը բաց է առաջարկությունների համար:
Աղբյուրը՝ https://mediamax.am/am/news/special-report/42585/?fbclid=IwAR2_makd0G0G7Zyne07ggblN2fVIS_tXN5wto6Hnhv3NAELJxPY4qHFMpso