Լույսի շողը՝ իմ տղան…
Ես Միլենան եմ՝ 24 տարեկան: Ծնվել և մեծացել եմ Կոտայքի մարզի գյուղերից մեկում: Գյուղ, որ իմ ամեն ինչն էր՝ իմ տունը, ծնողներս, եղբայրներս, հարազատներս և ընկերներս: Գյուղն իմ կենսակերպն էր ՝ անհոգ, երջանիկ և բուռն հիշողություններով լի: Ես մեր գյուղի սիրված և հարգված երեխաներից մեկն եմ եղել: Եղել եմ չափազանց աշխույժ և կայտառ, ով հասնում էր բոլորին,օգնում կարիքավորին, աջակցում թույլին ու վախկոտին:
Կարծես թե լիարժեք երջանիկ զգալու համար ես ունեի ամեն ինչ՝ չհաշված այն, որ կորցրել էի հայրիկիս դեռ շատ փոքր տարիքից: Մայրս, հայրիկիս փոխարեն, ձգտում էր ամեն ինչ անել ինձ համար, որպեսզի ես երբեք այդ բացը իմ կյանքում չզգայի:
Ես ավարտեցի դպրոցը գերազանց, այնուհետև ընդունվեցի բժշկական քոլեջ, այնտեղ ևս ձեռք բերեցի բազում հաջողություններ: Ավարտելուց հետո Երևանի հիվանդանոցներից մեկում սկսեցի աշխատել որպես պրակտիկանտ, որից հետո կարողացա տեղավորվել աշխատանքի իմ սիրելի մասնագիտությամբ:
Ես չափազանց երջանիկ էի այն մտքից, որ այս կյանքում կարողացել եմ բազում ձեռքբերումներ ունենալ, հասնել նպատակներիս և այդ ամենը իմ սեփական ուժերով:
Աշխատանքիս վայրում նույնպես հասցրեցի վայելել կոլեգաներիս հարգանքն ու սերը, մինչ այն օրը, երբ պատահեց այն,ինչը գլխիվայր շուռ տվեց իմ ամբողջ կյանքը. հերթական աշխատանքիս օրն էր. մտա հիվանադասենյակ, որտեղ մի երիտասարդ էր պառկած: Նա ծանր հիվանդություն ուներ և բուժում էր ստանում մեր հիվանդանոցում: Ծանոթացանք, սիրահարվեցինք, դուրս գրվելուց հետո էլ շարունակեցինք հանդիպել: Կարծես ամեն ինչ լավ էր, ամեն բան սահուն գնում էր, ես սիրում էի և ուրախությունից սավառնում էի երկնքում:
Բայց երբ նրան հայտնեցի իմ հղիության լուրը, այդ օրվանից շուրջս ամեն ինչ մռայլվեց, բոլոր գույները ինձ համար դարձան միայն սև: Ես ամենայն խնամքով կարողանում էի թաքցնել հղիությունս բոլորից: Գիտեին միայն նա և ընկերուհիս: Սկզբից նա նույնպես անակնկալի եկավ և խուճապահար եղավ այդ նորությունից, և առաջին արձագանքն այն էր, որ հրաժարվեի հղիությունից:
Ընկերուհիս ևս նույնն էր համոզում,իսկ վերջին ամսում, երբ մայրս իմացավ,նա էլ նույնը խորհուրդ տվեց՝ հաշվի առնելով հայկական իրականության մեջ տարածված կարծրատիպերը, հայկական ծեսերն ու ավանդույթները:
Բոլորը ինձ համոզում էին կամ հրաժարվել հղիությունից, կամ ունենալուց հետո հանձնել նրան մանկատուն կամ այնպիսի ընտանիքի, ովքեր երեխաներ չունեին:
Բայց իմ պատմությունը տարբերվում է մյուս բոլոր մարդկանց պատմություններից նրանով, որ ես երբեք չեմ ցանկացել հրաժարվել իմ բալիկից, և որքան էլ որ ուղեղս պահի տակ մտածում էր այդ ուղղությամբ, բայց սիրտս ինձ լրիվ այլ բան էր թելադրում: Ես ամեն կերպ պայքարում էի իմ բալիկի համար, պարզապես միայնակ էի մնացել, չգիտեի ինչպես վարվել, ում դիմել, քանի որ այդ որոշումը ինձնից խլել էր ամեն ինչ՝ ապրած անհոգ տարիներ, սիրելի եղբայրներ, ովքեր այդպես էլ չկարողացան ներել իմ արարքը, մայրիկիս, ում արգելված է ինձ հետ շփվել և իվերջո, իմ հայրական օջախը՝ աշխարհի ամենատաքուկ ու ջերմ անկյունը: Բայց ինչպես ասում են՝ ամեն մթության վերջում կա լույս, և այդ լույսը ‹‹Բարի մամա›› կազմակերպությունն էր, որն ինձ օգնեց՝ տրամադրելով ժամանակավոր կացարան, ինչպես նաև նյութական ու հոգեբանական ահռելի աջակցություն:
Արդյունքում ես այսօր ունեմ իմ բալիկին, առանց որի անգամ մեկ րոպե ես ինձ այլևս չեմ պատկերացնում:
Ես ինձ զգում եմ պաշտպանված և հոգատարությամբ շրջապատված: Ես այստեղ ապրում եմ, աշխատում, ուսուցում ստանում և օգնում նրանց տարբեր հարցերում:
‹‹Բարի մաման›› ուղղակի կառույց չէ. այն ավելին է, քան սովորական քարերով հավաքած մի երկրաչափական պատկեր:
Այն սեր է, որ ապրեցնում է, ջերմություն է, որ լցնում է հարազատ մոր ջերմության պակասը, այն հույս է, որ քեզ առաջ է մղում և ստիպում ոտքի կանգնել, և վերջապես, հավատ է, որ դեռ ամեն ինչ կորած չէ, որ ամենալավը դեռ առջևում է:
‹‹Բարի մաման›› ես եմ և իմ լույսի շողն է՝ իմ որդին է, որ ամեն բանից վեր է, ամեն ինչից թանկ է, ամենափափուկն ու ամենաքաղցրն է: