Դու իրավունք չունես հուսահատվել
Ես Արմինեն եմ, 31 տարեկան։ Ցանկանում եմ պատմել ձեզ իմ կյանքի ութ ամսվա ծանր, բայց ոգեշնչող պատմությունը։ Ամուսնացել եմ 23 տարեկանում և տեղափոխվել Կոտայքի մարզ։ Չնայած նրան, որ ո՛չ իմ, ո՛չ ամուսնուս ծնողները համաձայն չէին մեր միությանը՝ մենք ամուսնացանք։
Ամուսնությունից մեկ ամիս անց պարզ դարձավ, որ ես բալիկ եմ ունենալու։ Քանի որ մենք խնդիր ունեինք և չկարողացանք վերջնական լուծել, հղիությանս ընթացքը ծանր եղավ։ Իմ ու ամուսնուս կողքին ոչ-ոք չկար։ Ոչ միայն չէին օգնում, այլ վիճակս ավելի էին բարդացնում։ Հղիությունս հինգերերդ ամսվա մեջ էր, երբ սկեսուրս գնաց ՌԴ։ Ամուսնուս խնդրեցի, որ գնանք Արցախ՝ իմ հայրական տուն։ Դեռ հղիությանս յոթերորդ ամիսը չկար,ճանապարհ ընկանք և չհասած Ստեփանակերտ՝ վատացա, ինձ տարան հիվանդանոց։ Բժիշկները շատ պայքարեցին երկուսիս կյանքի համար որոշեցին կեսարյան հատում քանի որ հնարավոր չեր այլես պահել հղիությունը ,և կեսարյան հատմամբ ունեցա երեխայիս՝ Դավիս, որի վիճակը նույնպես շատ ծանր էր։ Այդ պատճառով հիվանդանոցում մնացինք երեք շաբաթ։ Հետո, մեծ ռիսկի դիմելով, մեզ դուրս գրեցին։ Տանը, արհեստական կաթ ընդունելիս, տղաս կապտում էր։
Տանում էի հիվանդանոց, այնտեղ գրում էին, որ պոթոլոգիա չկա։ Այդպես տուն են ուղարկում։ Երբ տղաս երկու ամսական էր, անակնկալ կերպով շնչահեղձ եղավ։ Արագ նրան տարանք վերակենդանացման բաժանմունք։ Գիշերը մնացի հիվանդանոցում, կարծես զգալով ինչ-որ բան։ Գիշերը, մոտ ժամը 5-ն էր, երեխաս նորից շնչահեղձ եղավ։ Որդուս մի կերպ փրկեցին և երկու ամիս մնացինք Ստեփանակերտի վերակենդանացման բաժանմունքում։ Չկարողանալով տալ ախտորոշում՝ մեզ ուղարկեցին Երևան։ Սաստիկ ձմեռվա մի օր էր։ Թթվածինը միացրած որդուս՝ բուժքրոջ հետ գնացինք։ Շուշին չանցած, մեքենան երեք անգամ գլորվեց ու ընկավ ձորը։ Մեքենան ձորից կախված մնաց այնքան, մինչև մարդիկ եկան և մեզ օգնեցին։ Ինձ ու որդուս մոշի թփերի միջով էին դուրս հանում, բայց ես այդ ծակոցներն ու ցավը չէի զգում։Մտածում էի միայն որքան հնարավոր է շուտ հասնենք հիվանդանոց։ Ճանապարհով շտապօգնության մեքենա էր անցնում, որը մի ծանր հիվանդ տղայի էր տանում Երևան։ Մեքենայի մեջ տեղ չկար, սակայն մի կերպ մենք էլ մտանք մեքենայի մեջ, քանի որ տղայիս թթվածնի բալոնը դատարկվում էր։ Գորիսի ճանապարհին մեքենան խրվեց ձյան մեջ ու չէր շարժվում։ Ամեն ինչ կարծես կավարտվեր, եթե մի երիտասարդ իր մեքենայով չգար և չօգներ, որ մեր մեքենան դուրս գա ձյան միջից։
Հասանք հիվանդանոց։ Բուժաշխատողներին ասում էի, որ երեխայիս լացել չի կարելի, բայց այնքան լացացրին երեխայիս, որ թթվածնի սարքը փոխեցին շնչառական ապարատով։ Երեք ամսում ոչ մի փոփոխություն։ Որդուս անընդհատ քնացնում էին, որ հանկարծ չշարժվի և շնչառական խողովակը դուրս չգա։ Հիվանդանոցի վարիչն էր միայն ասում, որ երեխայիս վիճակը ծայրահեղ ծանր է։ Մի օր մտա վարիչի մոտ և ասացի, եթե չեք կարողանում որդուս բուժել, ուրեմն տեղափոխեք ուրիշ հիվանդանոց։ Ես այդ պահին, հանուն որդուս ամեն ինչի պատրաստ էի։ Եվ, վերջապես, որդուս տեղափոխեցին Սուրբ Աստվածամայր հիվանդանոց ։ Այդ ընթացքում որդուցս վարակվեցի շնչառական ինֆեկցիայով։
Չորս ամիս մնացինք հիվանդանոցում՝ հրաշք բժշկուհի Աննա Գասպարովնայի հսկողության տակ։2015 թվականն էր։ Մի երեխա բերեցին վերակենդանացման բաժին՝ գյումրեցի Սերյոժան էր, որի ընտանիքին սպանել էին և ցավոք, նրան էլ չկարողացան փրկել։ Սերյոժային փրկելու համար շատ մասնագետներ եկան։ Բժիշկներն էլ որոշեցին երեխայիս փրկելու համար այդ մասնագետներին դիմել։Բոլորը իրենց միահամուռ ուժերով պայքարեցին և փրկեցին որդուս։ Չորս ամիս հետո որդիս, ինքն իր ձեռքով հանեց շնչառական խողովակը։ Մեկ ամիս էլ մնացինք հսկողության տակ և դուրս գրվեցինք։ Ես ու ամուսինս այս ընթացքում այնքա՜ն էինք տանջվել։ Մեզ օգնում էին ավելի շատ անծանոթ մարդիկ։ Ֆիզիկապես, ֆինանսապես սպառվել էինք։
Մի օր գումարի հարցով դիմեցի այլ հիվանդանոցում ծանոթացած ընկերուհուս։ Նա ասաց, որ չի կարող օգնել, բայց ինձ տվեց Բարի Մամայի տվյալները։ Բարի Մաման ինձ ու երեխայիս այնքա՜ն օգնեց, ապահովեց ամեն ինչով։ Եկանք տուն։ Ամուսինս այս ընթացքում շատ պարտքերի մեջ էր ընկել, իսկ նրա ծնողները մեղադրում էին ինձ ու որդուս, թե որդուս պատճառով է, որ այսքան պարտք ունենք։ Հորդորում էին թողնել փոքրիկին, այլ կոչեր անում…Որոշեցի մեկնել Արցախ՝ հանուն որդուս առողջ ու լավ ապագայի։ Դիմեցի Մարինային ու նա օգնեց։ Հասա Արցախ։ Ոչինչ չէի վերցրել հետս, սակայն քույրերս, բարեկամներս հագուստ, սնունդ էին գնում և օգնում մեզ։ Այդ ընթացքում ամուսնուս ծնողները նրան ուղարկել էին ՌԴ՝ աշխատելու նպատակով, սակայն նրանց իրական նպատակն ուրիշ էր։ 1,5 տարի ես միայնակ եմ մեծացրել որդուս, հույս ունենալով, որ մի օր կմիանամ ամուսնուս հետ։ Ամուսինս աշխատեց, փակեց բոլոր պարտքերը, տուն վարձեց ու միացավ ինձ հետ։Հիմա ես ու ամուսինս միասին ենք։
Տղաս ունի քույրիկ՝ 1,5 տարեկան։ Որդիս արդեն յոթ տարեկան է, լսում է, հասկանում, բայց դեռ չի կարողանում խոսել։ Վստահ եմ, որ սա էլ կհաղթահարենք։Այսքան գրեցի, որ ասեմ՝ հրաշքներ լինում են, և եթե դու հավատում ես և գործում ես, ապա մի դուռ Աստված բացում է քո առաջ։ Անչափ շնորհակալ եմ Բարի Մամային՝ հանձինս Մարինայի։
Կարդա իմ պատմությունը և վստահ եղիր քո ուժերի վրա։ Քո երեխան քո կարիքն ունի,ինչքան էլ որ կոտրված և լքված լինես ,քո երեխան քեզանով է ուժ և ապրելու քայլ անում ,դու ես նրա հույսը, պաշտպանը և ապավենը, դու իրավունք չունես հուսահատվել, թեկուզ և կոտրված և փշրված հույսերով բայց մեծ հավատով պիտի համբերատար առաջ գնալ Աստծով։