​​​​​​​Մենք անպայման կվերադառնանք Արցախ. Գոհար Ալթունյան

Հետեւելով այն կարի արհեստանոցի դերձակներին, որ նախաձեռնել է «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը, ուղղակի բավականություն ես ստանում: Այստեղ հաճելի է, ջերմ ու խաղաղ: Կարուհիները քչախոս են, աշխատում են անաղմուկ, կենտրոնացած: Գիտակցում են իրենց աշխատանքի կարեւորությունն ու պատասխանատվությունը: Հիմա նրանք քնապարկեր են կարում զինվորների համար:

Գոհար Ալթունյանն այն 12 արցախցի կանանցից է, որոնք հմտանում եւ աշխատում են արհեստանոցում: Սիրով է համաձայնում զրուցել մեզ հետ, բայց ասում է՝ կարճ ժամանակով, աշխատանքն սպասում է:

Գոհարը ծնվել եւ ամբողջ կյանքում ապրել է Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր (Մեծ Թաղլար) գյուղում: Հայրենի գյուղում 25 տարի դաստիարակչուհի է աշխատել մանկապարտեզում: Երջանկության համար կարծես ամեն ինչ ուներ՝ տուն, ամուր ընտանիք, սիրած աշխատանք, մեծ այգի: Բայց մի վայրկյանում ամեն ինչ փուլ եկավ, եւ նա որդու ու ամուսնու հետ տեղափոխվեց Երեւան: «Սկզբում դժվար էր Երեւանում. ուրիշ քաղաք, ուրիշ բարքեր, ուրիշ մարդիկ,- ասում է Գոհարը,-մեծ քաղաքն իր օրենքներն ունի, իր ռիթմը, իր դասավորված կյանքը: Բայց, փառք Աստծո, աշխարհում բարի մարդիկ շատ կան: Մեզ շրջապատեցին խնամքով ու հոգատարությամբ եւ կազմակերպությունները, եւ հարեւանները, եւ բարեկամներն ու հարազատները»: Հարսից է տեղեկացել «Բարի մամա» ծրագրի մասին, եկել է «Բարի տնակ» եւ այստեղ իրեն նոր՝ կարուհու մասնագիտության մեջ փորձելու հնարավորություն է ստացել:  

Գոհարը, նրա հարսը եւ մյուս դերձակները կարիքավոր ընտանիքների համար հիանալի անկողնային սպիտակեղենի եւ մեր զինվորների համար տաք քնապարկերի «հեղինակ» են դարձել: Բայց մեր հերոսու կարծիքով՝ հետաքրքիր չէ միայն կարել եւ փաթաթել այդ պարկերը: Եվ նա որոշել է ավելացնել դրանց բացիկներ՝ բարի խոսքերով ու մաղթանքներով: «Առանց բարի խոսքի ի՞նչ օգուտ: Պետք է, որ ջերմություն լինի ոչ միայն մարմնի, այլեւ հոգու համար: Իսկ զինվորի համար, որը ծառայում է տնից հեռու, բարի խոսքն ամենից կարեւորն է»,- համոզված է Գոհարը:

Զինվորներին օգնելը կարծես նրա ճակատին է գրված: Եղել է, որ Գոհարը եւ Մեծ Թաղերի մանկապարտեզի եւս վեց աշխատակցուհի մի գիշերում 270 հատ կլոր գաթա են թխել եւ 1․200 նրբաբլիթ, որպեսզի հասցնեն սահմանին ծառայող զինվորների ամանորյա սեղանին:

Թեպետ Գոհարն  ուրախությամբ ու մեծ ոգեւորությամբ է աշխատանքի գնում «Բարի տնակ», հայրենի վայրերի կարոտը նեղում է: Իր գյուղի մասին խոսելիս ձայնը դողում է, աչքերն արցունքով են լցվում: Բայց արցախցու ուժեղ խառնվածքը վայրկենապես հաղթում է՝ ձայնին լավատեսություն հաղորդելով. «Մենք կվերադառնանք, անպայման կվերադառնանք Արցախ»: Հայրենի գյուղն այլեւս չկա: Բայց հայրենի հողի վրա ապրելու եւ աշխատելու հույսը ոչ մի վայրկյան չի լքում:

Որքան էլ հաճելի ու խաղաղ լինի կյանքը Գոհարի համար «Բարի մամա» կազմակերպության հոգատար պատերից ներս, նրա հայացքը հայրենի եզերքի կողմն է: Նրա մտքերն այնտեղ են, հարազատ գյուղում՝ արցախյան անառիկ սարերի ափի մեջ, որտեղ զրնգացել է իր սաների ծիծաղը, որոնցից շատերը չվերադարձան վերջին պատերազմից, իր մեծ տնամերձ խնձորի այգում է, մեծ օջախի մոտ, որտեղ ամեն օր ժենգյալով հաց էր թխվում, գետակի մոտ, ուր սիրում էին գնալ գյուղի կանայք, որպեսզի մի քիչ հեռանային ամենօրյա հոգսերից, նստեին, զրուցեին զուտ կանացի գործերից: Վերջերս էլ երազ տեսավ, թե ինչպես է բարձրանում Գտչավանք, որպեսզի աղոթի համագյուղացիների լավ բախտի համար եւ մոմ վառի նրանց համար, ովքեր այլեւս չեն վերադառնալու:

Այստեղ՝ «Բարի մամա» հիմնադրամի նախաձեռնած կարի արհեստանոցում, հաճելի է, տաք ու հարմարավետ: Կարի մեքենայի ոտքի համաչափ թխկթխկոցի տակ հանգույց առ հանգույց ուղի է գծվում, պտտվում է անիվը, թելն է ձգվում: Ուղի, անիվ, թել… Այդ խորհրդանիշները Գոհարը յուրովի է մեկնաբանում, ասում է՝ այս ամենը տանում է նրան, որ ամեն ինչ մի օր վերադառնալու է ի շրջանս յուր: 

Share your thoughts